HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բուժհաստատությունների հրթիռակոծման վերաբերյալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածներ հասցնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարված են հասցրել Ստեփանակերտին և Շուշիին: Հերթական անգամ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման է ենթարկվել բժշկական հաստատությունների համալիրը, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Համալիրի տարածքում գտնվող Հանրապետական բժշկական կենտրոնը Արցախի խոշորագույն առողջապահական հաստատությունն է, որտեղ բուժվել են, այդ թվում, վերջերս վիրավորում ստացած ֆրանսիացի և ռուս լրագրողները, ինչպես նաև՝ ադրբեջանցի ռազմագերիները: 

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդկաններին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող հարձակման օբյեկտ դառնալ: Բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումները պատերազմական հանցագործություն են: Ստեփանակերտի ծննդատան վրա այսօրվա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի աղաղակող անհարգալից վերաբերմունքի հերթական համոզիչ ապացույցն է, ինչը վկայում է, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած՝ նույնիսկ ամենազազրելի արարքների:

Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով:

Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը:

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին վերջ դնելու օպտիմալ և արդյունավետ ոչ ռազմական միջոցներն են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter