2021-ին ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է կոռուպցիոն բնույթի 798 քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։
2018-2021թթ. ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում ինչպես տվյալ, այնպես էլ 2019թ. գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի կտրուկ աճ, ինչը պայմանավորված է եղել հատկապես այդ երկու տարվա ընթացքում մինչև 2018թ. կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից, այլ սուբյեկտներից աննախադեպ քանակությամբ հաղորդումների ստացմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում արձանագրվում է այս միտումների անկում:
2021թ. ընթացքում միայն կոռուպիոն քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ (72) 32%-ով ավելի:
2021թ. ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքից ավելի է շուրջ 2%-ով: 2021թ. ընթացքում ավարտված քրեական գործերից 129-ի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով:
Դատախազության փոխանցմամբ՝ կոռուպցիոն բնույթի հարուցվող, վարույթում քննվող քրեական գործերի քանակական նվազման ֆոնին 2021թ. ավելացել են ինչպես քրեական հետապնդման ենթարկված անձանց, այնպես էլ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, դատի տրված անձանց քանակը: Մասնավորապես՝ ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ, այն դեպքում երբ 2020թ. 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 187 քրեական գործ՝ 433 անձի վերաբերյալ, 2020թ.-ին՝ 183 գործ 410 անձի վերաբերյալ:
ՀՀ դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 83 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 53-ով 97 անձ դատապարտվել է, որից 30-ը՝ ազատազրկման:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով տարվա ընթացքում հայտնաբերվել է 4.5մլրդ ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնաս, վերականգնվել է 400 մլն ՀՀ դրամը։
Դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից միայն մեկ քրեական գործով քննիչի կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը 2021թ. վերացնելու, քննություն իրականացնելու արդյունքում 2022թ. հաջողվել է վերականգնել համայնքին պատճառված 805.4 մլն ՀՀ դրամի չափով վնաս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել