Կրթության և գիտության նախկին նախարարի դեմ նոր քրեական գործ է հարուցվել. գործն ուղարկվել է ՀՔԾ
Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:
Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել