HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված միջադեպ՝ Մայիսի 9-ի փողոցում. պարզվում են հանգամանքները

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, 2020թ. հունիսի 9-ին ժամը՝ 17:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շուկայի մոտ գտնվող շենքերից կրակոցի ձայներ են լսվում:

Նույն օրը՝ ժամը 17:25-ին, ահազանգ է ստացվել նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., որը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Պարզվել է, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է զինված միջադեպի ժամանակ:

Նախնական տվյալներով՝ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 9Ա շենքի բակում նույն շենքի 28-ամյա բնակչի և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ է արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, գնդակներ և չկրակված փամփուշտներ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են դեպքի վայրում առկա  տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են տուժած երիտասարդի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter