HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժառանգություն կուսակցության հայտարարությունը ներքաղաքական լարվածության վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցությունը ներքաղաքական լարվածության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները՝  անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:

Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչև ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն և հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:

Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական և քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի և անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:

«Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»,- ասվում է կուսակցության այսօր տարածած հայտարարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter