Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Վանաձորում
Այսօր՝ հուլիսի 22-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Վանաձոր և Երևան քաղաքներում: Վանաձորում տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել շինանյութի առևտրի մի քանի կետերում և բենզալցակայաններում: Մասնավորապես` բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Այս մասին հաղորդում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը։
Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են կատարել «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, որտեղ նախկինում դիտարկված թերություններն արդեն վերացված են եղել:
Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել