HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է համալիր փորձաքննություն

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ըստ որի՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պատժվում է կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով: Մեղադրանքի առաջադրումից հետո հուլիսի 31-ից Տրդատ Խաչատրյանը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Ըստ Քննչական կոմիտեի պատասխանի՝ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է օգոստոսի 9-ին:

«Տրդատ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված նամակի և վերոհիշյալ եզրակացության արդյունքների հիմա վրա՝ Տրդատ Խաչատրյանն օրենքով սահմանված կարգով ներկայացվել է զինվորական կոմիսարիատ՝ ՀՀ ԶՈՒ մեկնելու հարցը կազմակերպելու համար, որի ընթացքում Տրդատ Խաչատրյանի կողմից առողջական գանգատներ ներկայացնելու պատճառով լրացուցիչ հետազոտման է ներկայացվել, ինչի պատճառով հնարավոր չի եղել վերջինիս զորակոչել ՀՀ ԶՈՒ»,- ասված է հարցման պատասխանում:

Տրդատ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ գրելով, թե ինչպես է ստացվել, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի պարտադիր զինծառայության համար:

«Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»:

Իր նամակում Խաչատրյանը գրել է նաև, որ դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, որից հետո իր առողջական վիճակում բարելավում է նկատվել, նաև ընդգծել՝ անկախ փորձաքննության արդյունքներից պատրաստ է ծառայել ԶՈՒ-ում:

Այս պահին Տրդատ Խաչատրյանը հարուցված քրեական գործի շրջանակում շարունակում է մեղադրյալի կարգավիճակ ունենալ.

«Անհրաժեշտություն առաջանալու կապակցությամբ 13.09.2018-ին մեղադրյալ Տրդատ Խաչատրյանի վեարբերյալ նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ «Հետք»-ին հայտնի էր դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մասին՝ նախկին ու ներկա բարձաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականության ստուգման վերաբերյալ, ինչն էլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել էր, ապա կառավարության նիստին այս հարցի մասին խոսել էր Փաշինյանը՝ վստահեցնելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների զինապարտության ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter