HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Գասպարյան Վովայի պատվերն է, անմեղ նստել ենք»,- դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ հայտարարեց Նորատուսցի Ալիկը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Նորատուսցի Ալիկի» և մյուսների գործով վճիռ կայացնելու:
Մինչ դատավորի՝ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը, Ալիկ Բանդուրյանը հայտարարեց, որ գործը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի պատվերն է:
«Վովա Գասպարյանի պատվերն է. պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշումներ են, անմեղ նստել ենք, դատարանից ակնկալում ենք արդարացի որոշում»,- հայտարարեց Ալիկ Բանդուրյանը:
Նշենք, որ մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանի ռեպլիկի ժամանակ տեղի տվեցին ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի նյարդերը. նա զայրացած սկսեց հայտարարություններ անել, որոնք նիստի ներկաներին ամբողջությամբ լսելի չէին:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրեց նրան ոտքի կանգնել, սակայն Իսրայելյանը հրաժարվում էր: «Քո խաթր կանգնում եմ՝ որպես կին»,- հետո ասաց Իսրայելյանը և ոտքի կանգնեց: Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին, եւ այդտեղ խաթրի հարց լինել չի կարող:
Իսրայելյանը, սակայն այդ զգուշացումից հետո էլ շարունակում էր խոսել, և դատարանը նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց: Ամբաստանյալները վերջին խոսք չասացին. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գործով վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը:

Վերջինս, փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter