HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի վաղը

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին դատական նիստերի դահլիճից դուրս գալիս ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 11-ին Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրել և դիմել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին:

Պաշտպանի խոսքով՝ Գևորգյանը դատարանում հայտարարություն է արել, իսկ թե ինչ բովանդակությամբ՝ Էրիկ Ալեքսանյանը չնշեց: Վերջինս չպատասխանեց նաև հարցին՝ Արմեն Գևորգյանն իր կալանավորման միջնորդության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, թե ոչ:

«Եթե քննիչի կողմից Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվի, այսինքն՝ նա շարունակվի գտնվել ազատության մեջ, ապա ինքը հանդես կգա հայտարարությամբ և կտա պարզաբանումներ»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրենց կողմից ներկայացվել են փաստարկներ և ապացույցներ այն մասին, որ ազատության մեջ մնալու դեպքում Գևորգյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի:

Պաշտպանը նշեց, որ ներկայացրել է նաև գրավի միջնորդություն, սակայն գրավի չափ չի նշել: Քննիչն, ըստ Ալեքսանյանի, առարկել է գրավի միջնորդության դեմ:

Մարտի 1-ի իրադարձություններից հետո դրանք ուսումնասիրող փաստահավաք խմբում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արմեն Գևորգյանը, որը զբաղեցնելիս է եղել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, մարտի 1- ի ցերեկը որպես իշխանության ներկայացուցիչ մասնակցել է միջազգային կառույցների հետ բանակցություններին: Ալեքսանյանն այս առնչությամբ հարցին չպատասխանեց:

Պաշտպանը չպատասխանեց նաև հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Գևորգյանը տեղյակ եղել է արտակարգ դրություն հայտարարելու հրամանի մասին:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է, թե հիմնավորվել է Wikileaks-ի հրապարակումն այն մասին, որ Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին փորձել է ճնշում գործադրել ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի վրա, երբ ՍԴ-ում վիճարկվել են 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

Ալեքսանյանը, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց, որ ինքն այդ հայտարարությանը ծանոթ չէ, բայց եթե նման բան է ասվել, ապա չպետք է մոռանալ անմեղության կանխավարկածի մասին: Պաշտպանն ընդգծեց, որ յուրաքանչյուր նման հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաև որոշակի ազդեցություն կարող է թողնել հասարակության վրա, ատելություն մտցնել հասարակության մեջ, որն էլ իր ազդեցությունը կարող է թողնել պետական համակարգի վրա:

Նշենք, որ դատական նիստի ընթացքին հետեւող լրագրողների համար պարզ էր, որ նիստը լարված է ընթանում, քանի որ պարբերաբար դատարանի դահլիճից բարձր ձայներ էին լսվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter