Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը
Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։
Կիրակի օրը ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ։ Վրացական կողմը նշում է, որ սահմանի փակման հարցը լուծվել է հենց այս հեռախոսազրույցի ընթացքում։
«Կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ հեռախոսազրույցի ժամանակ դիտարկվել է Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա սահմանի ժամանակավոր փակման հարցը։ Հեռախոսազրույցի ժամանակ նշվել է, որ սահմանափակումը չի տարածվի Վրաստանի և Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
«Մենք Կարասինի հետ այսօր հեռախոսազրույց ենք ունեցել։ Մեր կողմի նախաձեռնությամբ որոշվել է ժամանակավորապես փակել սահմանը, քանի որ, ինչպես ինքներդ գիտեք, վիրուսի պատճառով մենք հայտնվել ենք ֆորսմաժորային իրավիճակում։ Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանից անարգել կարող են վերադառնալ հայրենիք, ինչպես Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանից»,- TACC-ի թղթակցին հայտնել է Աբաշիձեն։ Նա նշել է, որ Կարասինի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի դիտարկվել ռուսների կազմակերպված դուրս բերման հարցը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան` ժամը 08:00-ից սկսած, 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Սահմանափակումները դարձյալ չեն տարածվել բեռնափոխադրումների և հայրենիք վերադարձող երկու երկրների քաղաքացիների վրա։
Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 30 դեպք, իսկ Ռուսաստանում այդ թիվը հասել է 63-ի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել