HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու առթիվ 50 քրեական գործ է քննվում. 12 անձի մեղադրանք է առաջադրվել

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում, դրանցով իրականացվում են քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու, ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերքի առկայությունն ստուգելու նպատակով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է:

Ինչպես նշում է դատախազությունը, նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար: Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:        

2020թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ քննվող նշված քրեական գործերով 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (1-ի նկատմամբ կալանավորումը հետագայում վերացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից), 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter