Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց նորից կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քիչ առաջ որոշեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նորից կալանավորել: Դատարանը Փանոսյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունվարի 8-ին:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը 2019-ի սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր, ապա Քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ըստ տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, Արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Այս որոշման դեմ բողոք էր տարվել Վերաքննիչ դատարան, և 2019-ի նոյեմբերի 6-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշել էր կալանքից ազատել Փանոսյանին: Դատարանն արձանագրել էր, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Նորայր Փանոսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը:
2019-ի դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, և նրան նոր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևաննքներ), ապա նորից Փանոսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան:
Միջնորդության քննությունը սկսվել էր նախորդ տարեվերջին, հետաձգվել ու շարունակվել երեկ՝ հունվարի 8-ին:
Մեկնաբանել