HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ, որը ներկայացնում են ստորև:

Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի

Հայաստանում հանքարդյունաբերության եւ հատկապես Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային  որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է  ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների եւ տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի:

«Ժառանգություն» կուսակցությունը հույժ մտահոգված է ստեղծված իրավիճակով եւ արձանագրում է, որ պետությունը հապաղում է բավարար եւ համակարգված քայլեր գործադրել հանքարդյունաբերության եւ բնապահպանության խնդիրները հանգուցալուծման մասնագիտական  մակարդակ տեղափոխելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ իշխող ուժի կառավարման համակարգի ճգնաժամը գնալով խորանում է, որի մասին քանիցս ահազանգել ենք:

Ցավոք, խորհրդարանը,  որը պետք է դառնար նման հիմնահարցերի հանգուցալուծման եւ  կոնսենսուսի ձեւավորման քաղաքական ատյան, չի կարողանում իրականացնել այդ դերակատարությունը, որի պատճառով կրքերը գերակայում են գաղափարներին ու տեղափոխվում փողոց եւ հրապարակներ:

«Ժառանգություն» իշխանությանը եւ Հայաստանի ողջ քաղաքական ու քաղաքացիական հանրությանը հիշեցնում է  մեր ոչ հեռու անցյալի այն  չարագուշակ դեպքերը, երբ մակերեսային, հուզազգայական պատկերացումներին տուրք տալով՝ մենք կանգնեցրինք ատոմակայանը, որի վերագործարկումը վիթխարի ժամանակ եւ միջոցներ խլեց՝ փրկելով Հայաստանի տնտեսությունը լիակատար անկումից, կործանեցինք «Նաիրիտը» եւ մեր ողջ հզոր քիմիական արդյունաբերությունը, որն այդպես էլ չենք կարողանում ոտքի կանգնեցնել:

Հայաստանի արդյունաբերական ներուժի զարգացումը բոլոր ոլորտներում մեր ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներից է, ինչպես նաեւ բնության ու ազգի առողջության պահպանության հրամայականը, ուստի «Ժառանգությունը»  պատրաստակամություն է հայտնում հանրային բոլոր ուժերի հետ՝ եւ մասնագիտական, եւ քաղաքական, նախաձեռնել հանրային քննարկում, իսկ խորհրդարանական տիրույթից համապատասխան նախաձեռնության դեպքում մասնակիցը լինել խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պետական կարեւորագույն հարցերը զգայական  դիմակայությունից կբերվեն լուրջ վերլուծությունների հարթակ տեղական եւ միջազգային փորձի համադրմամբ՝ առանց վնասելու մեր համերաշխությանը ժողովրդավարական զարգացումների ուղիով ընթանալու եւ արդյունաբերական հզոր Հայաստան  ունենալու մեծ նպատակին:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ, մասնագիտական ներուժի համախմբմամբ փոխըմբռնման մթնոլորտում մենք կփրկենք Հայաստանի եւ՛ բնությունը, եւ՛ արդյունաբերությունը հին կործանարար սխալներից ու նոր թյուրըմբռնումներից:

 

«Ժառանգություն» կուսակցություն
22 օգոստոսի 2019
Երեւան
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter