Հայտարարություն՝ փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը առգրավելու փորձի վերաբերյալ
«Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչի կողմից փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը առգրավելու փորձի վերաբերյալ: Հայտարարությունը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մեր կազմակերպությունն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հովհաննես Չամսարյանին, ինչպես նաև Հայաստանի ողջ փաստաբանական համայնքին։
Մենք դատապարտում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ Օ․ Առաքելյանի կողմից 25/11/2019 թվականին փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակի խուզարկման և համակարգիչների առգրավման փորձը և գտնում, որ այդ գործողություններն անմիջականորեն ուղղղված են եղել նրա մասնագիտական գործունեության դեմ և նրա՝ որպես փաստաբանի, անկախության սահմանափակմանն ու փաստաբանական համայնքում վախի մթնոլորտ ձևավորելուն։
Միևնույն ժամանակ, մենք ամբողջությամբ կիսում ենք ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 27/11/2019 թվականի հայտարարությամբ արված դիրքորոշումը և արձանագրում, որ ցանկացած միջամտություն, որն ուղղված կլինի փաստաբանի իրավապաշտպան և մասնագիտական գործունեությանը, անթույլատրելի և դատապարտելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։
Գտնում ենք նաև, որ ՀՀ փաստաբանական համայնքը պետք է ամեն կերպ հետամուտ լինի, որպեսզի ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Օ․ Առաքելյանի նկատմամբ իրականացվի ծառայողական քննություն և օրենքի ամենայն խստությամբ ենթարկվի պատասխանատվության, ինչը կնպաստի իրավակիրառ պրակտիկայում ձևավորված այդ «աշխատելաոճը» արմատախիլ անելու գործընթացին։
Փաստաբանների մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունն ու անկախությունը երաշխավորված է ոչ միայն ՀՀ սահմանադրությամբ և փաստաբանի գործունեության մասին ազգային Օրենքով, այլ նաև միջազգային պայմանագրերով, ըստ որի փաստաբանի անկախությունն առանցքային նշանակություն ունի նաև արդարադատության համար։
Ի վերջո, մեր հասարակության մեջ պետք է սերմանել հարգանք փաստաբանի և իրավապաշտպանի նկատմամբ, անկախ նրանից, թե նա ում և ինչպիսի արժանիքներ ունեցող անձի պաշտպանությունն է իրականացնում, սա պետք է գիտակցի ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացին, այլ նաև ՀՀ պետական ցանկացած պաշտոնյա»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել