HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում:

Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից:

Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոսիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:

Հաջորդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից անձանցից Դ.Ի.-ն, ով ոստիկանւթյան բաժնում համապատասխան դատավարական գործողությունների ժամանակ վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, տվել սպառնալիքներ, հարվածել ու կոտրել աշխատասենյակում դրված պահարանը, կոտրված պահարանի մեջից վերցրել խոհանոցային դանակը և հարձակվել ոստիկաններից մեկի վրա՝ փորձելով հարվածել վերջինիս: Սակայն աշխատասենյակում գտնվող, ինչպես նաև առաջացած աղմուկի պատճառով ներս մտած այլ աշխատակիցների կողմից դա կանխվել է: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից և ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքային ընթացքը, հեռացել է:

Նշված դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,  258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Ի.-ին և նրա մորեղբայրներ հանդիսացող Ս.Ու.-ին և Ե.Ու.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Շիրակի մարզի դատախազի ցուցումով վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Միջնորդությունների քննարկմանը մասնակցել և դրանք պաշտպանել է նաև նշված քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։

Նշված անձանց նկատմամն որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր
4 միջնորդությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանը բավարարել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter