HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոբացիայի պետական ծառայությունում առկա են համակարգային խնդիրներ․ օմբուդսմենը հրապարակել է արտահերթ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրապարակել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ արտահերթ զեկույց՝ հայերեն և անգլերեն։

ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ զեկույցը նախապատրաստվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ արտացոլելով պրոբացիայի ծառայության բոլոր ստորաբաժանումներ իրականացված այցերի, հարցազրույցների, հարցումների արդյունքները: Զեկույցը պարունակում է պրոբացիայի ծառայության գործունեության առկա վիճակի համապարփակ ուսումնասիրություն:

«Պրոբացիայի ծառայության ոլորտում առկա են համակարգային բնույթի խնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես տարբեր պետական մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցության անարդյունավետությամբ, այնպես էլ այդ ծառայության գործառույթների հիմքում դրված ոչ ճիշտ սկզբունքներով: Այս ամենը խոչընդոտում է Պրոբացիայի դերակատարությանը՝ իրականացնելու անձի վերասոցիալականացում և հասարակություն վերաինտեգրում: Այդուհանդերձ, կարևորում եմ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի հանձնառությունը մեր զեկույցի հիման վրա ոլորտում փոփոխություններ կատարելու հարցում»,- ասել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած այցերի և դրանց ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ բավարար չէ պրոբացիայի ծառայողների աշխատանքի կազմակերպման նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կադրային համալրվածությունը՝ հատկապես մշտական հիմունքներով հոգեբանների և այլ մասնագետների ներգրավվածության առումով:

Պաշտպանը նշել է նաև, որ պրոբացիայի առջև դրված խնդիրների լիարժեք լուծմանը խոչընդոտում են նաև հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,  դատապարտյալների նկատմամբ հասարակությունում առկա կարծրատիպերը:

Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարված նաև քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության առկա խնդիրներին:

Դրանք վերաբերում են ինչպես ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների նկատմամբ վերահսկողությանը, պրոբացիայի՝ օրենսդրական հիմքերի բացակայության պատճառով որոշ գործառույթների փաստացի չիրականացմանը, այնպես էլ  ընդհանուր առմամբ քրեական քաղաքականության ու պատիժների համակարգի վերանայմանը:

Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման մոնիթորինգի իրականացում և գնահատում» ծրագրի շրջանակներում հրապարակված զեկույցում ներկայացվել են արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ։

Միջոցառման ժամանակ ներկայացվել են պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման մեթոդաբանությունը և շրջանակները, ծառայության կադրային և նյութական ռեսուրսների ոչ բավարար ապահովվածությունը ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ապահովումը. օրենսդրական և իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև ծառայության դերակատարությունը անձի վերասոցիալականացման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և էլեկտրոնային հսկողության գործընթացներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter