HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարն ու Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են բարեփոխումները քրեակատարողական ոլորտում

Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Գետտայի հետ։ Ստորեւ՝ ԱՆ հաղորդագրությունը հանդիպման մասին։

Գրիգոր Մինասյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը գրանցել է հաջողություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ԵՄ աջակցության ու փոխգործակցության, որն իրականացվում է տարբեր ձևաչափերով, ներառյալ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը։ Նախարարն ընդգծել է յուրաքանչյուր տարի անցկացվող ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների հարցերով երկխոսության նիստերի կարևորությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների շուրջ ծավալուն քննարկումների կարևոր հարթակ։

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական մոտեցումները, որոնք ամրագրվել են Կառավարության կողմից ընդունված ՄԻՊ ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրով: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականությունն իրականացվում է զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությամբ, ովքեր հանդիսանում են գործողությունների ծրագիրը համակարգող խորհրդի անդամներ ու իրականացնում են ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը։ Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, որոնցով ներդրվել են արդար դատաքննության իրավունքի եվրոպական լավագույն չափանիշները: Նախարարը հատուկ շեշտել է 2023 թվականի հունվարի 1-ից գործող այլընտրանքային խափանման նոր միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ներդնումը, որպես անձնական ազատության իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք, և նշել է, որ նշված միջոցները կիրառվել են շուրջ երեսուն տոկոս դեպքերով։

Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնց շրջանակում իրականացվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների և տեխնիկական զինման զգալի աշխատանքներ։ Քննարկվել է եվրոպական ստանդարտներով նախագծվող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագիրը։

Նախարարը նշել է 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կարևորությունը, որով հստակ դիրքորոշում էր արտահայտվում Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող՝ միջազգային իրավունքի այլ խախտումների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել հանձնակատարին` նշված բանաձևի ընդունման հարցում անձնական ներդրման համար։

Բեռնար Գետտան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների բարեփոխումների իրականացմանը և կարևորել դրանց շարունակականությունը՝ եվրոպական մոնիթորինգային մարմինների կողմից տրամադրված առաջարկությունների հասցեագրման տրամաբանությամբ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանում ժողովրավարության և մարդու իրավունքների պաշտպանության շարունակակական կատարելագործման:

Լուսանկարը՝ ԱՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter