HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված և դատապարտված 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար. գործն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեի (ՔԿ) հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի՝ կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Այս մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Նախնական քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի թիվ 008 խցում պահվող թվով 11 կալանավորված անձինք և դատապարտյալներ 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի կողմից, օրենքով սահմանված կարգով, ուղեկցվել են 6-րդ մասնաշենքում տեղակայված զբոսախուց:

Զբոսախցի մուտքի դուռը փակելու պահին կալանավորված անձանցից մեկը բռնություն է գործադրել ուղեկցող անձի նկատմամբ և նրան մտցրել զբոսախուց, զրկել դիմադրություն ցույց տալու հնարավորությունից, որի ժամանակ մեկ ուրիշ կալանավոր տեսուչի մոտից խլել է մասնաշենքի խցերի դռների կախովի փականների բանալիները, ինչպես նաև` մասնաշենքերի մուտքերի և խցերի դռների փականների բանտային բանալին:

Չենթարկվելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոններին, բռնության գործադրումն ու փախուստի փորձը դադարեցնելուն ուղղված տեսուչի կոչերին՝ կալանավորներից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի 6 տարբեր խցերի դռները և իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված և դատապարտված անձ, ովքեր պահվել են թիվ 008 և 009 խցերում, բոլորն էլ՝ օտարերկրացի (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի)։ Վերջիններս, անցնելով նկուղային հարկի միջանցքներով, հասել են 1-ին մասնաշենքի մուտքի դռանը, բռնություն գործադրել ծառայություն իրականացնող քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, սակայն չեն կարողացել բացել մասնաշենքի մուտքի դուռը և դիմել փախուստի, քանի որ տեսուչի ահազանգով անմիջապես թիվ 1 մասնաշենք են ժամանել քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ու կանխել փախուստի փորձը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter