HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4,1 միլիոն դոլար է հանգանակվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

Դեկտեմբերի 20-ին Նյու Յորքի Չիպրիանի սրահում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-րդ գալա երեկոն, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական նորարարական ծրագրերի համար, որոնք իրականացվում են Հայաստանի գյուղական համայնքներում։

Ինչպես տեղեկացնում է ՔՈԱՖ-ի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը, Գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համալրմանը և հասանելի է լինելու Լոռու մարզի շուրջ 150 հազար բնակչի։  

«Տպավորիչ երեկո էր, ու մենք անսահման ոգևորված ենք Սփյուռքի ու մեր գլոբալ ընտանիքի աջակցությամբ, մարդկանց, ովքեր 15 տարի շարունակ խորապես հավատացել ու նվիրաբերել են ՔՈԱՖ-ի առաքելությանը,- ասել է ՔՈԱՖ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Գարո Արմենը։- Դա մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեությունը՝ ծառայելով արդեն 100 համայնքների 150,000 բնակչի։ Ավելին, այս ապրիլին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունն առավել ցայտուն է ընդգծում ՔՈԱՖ-ի հիմնարար արժեքները՝ ժողովրդավարություն և ազատություն սերմանելով, որ քաղաքացին ինքը սահմանի իր ապագան»։

Երեկոյի նշանակալի մասը կենդանի աճուրդն էր՝ գալա-երեկոյի պատվավոր նախագահ, արվեստագետ Թոնի Շաֆրազիի գլխավորությամբ։

Երեկոն այս տարի ևս վարում էր ՔՈԱՖ-ի դեսպան, ճանաչված դերասանուհի, էմմի և Թոնի մրցանակների դափնեկիր Անդրեա Մարտինը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի արվեստի սրահը հենց նրա անունն է կրում։

Հյուրերից էր Էմմի մրցանակի հավակնորդ Վիկտոր Գարբերը։ Նա ՔՈԱՖ-ի մրցանակակիր է, մի քանի անգամ մասնակցել է Հիմնադրամի գալա դրամահավաք-երեկոների, և հենց նա էր, որ պատիվ ունեցավ հարգանքի տուրք մատուցելու ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։

ՔՈԱՖ-ի մարդասիրական մրցանակ շնորհվեց «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանին և նրա լուսահոգի տիկնոջը՝ Քլեր Գրեգորյանին, ով ՔՈԱՖ-ի հիմնադիր խորհրրդի կազմում էր։ Հայաստանի բուհերի 9 ուսանողներ ՔՈԱՖ-ի կողմից արժանացել էին Քլեր Գրեգորյանի անվանական կրթաթոշակի։

Գալա երեկոյի մասնակիցները ունկնդրեցին Արմավիրի մարզի Հացիկ գյուղի ուսանողուհի Մարինա Միրզոյանի ելույթը։ Մարինան ներկայումս փոխանակման ծրագրով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում է անգլերենի գիտելիքներ է ձեռք բերել ՔՈԱՖ-ի ծրագրերի շնորհիվ, որ իրականացվել է հենց իրենց դպրոցում։ Նրա խոսքը վերաբերում էր ինքնավստահությանը, ձախողման վախերը հաղթահարելուն և իր կյանքում ՔՈԱՖ-ի ազդեցությանը։

Գալա-երեկոյի մշակութային հատվածում հանդես եկան Հայաստանից մեկնած դաշնակահար Արմեն Պուչինյանը և սաքսոֆոնահար Արմեն Դաղենցը, ովքեր կատարեցին դասական և հանրաճանաչ գործեր։

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։