ԱԱԾ. կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2018 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄՆ դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ` Ա.Հ-ն քաղաքացի Ն.Խ-ից որպես կաշառք պահանջել է 700 ԱՄՆ դոլար գումար՝ խոստանալով, որ վերջինիս դեմ ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնին: Սակարկությունների արդյունքում պահանջվող կաշառքը դարձել է 500 ԱՄՆ դոլար:
2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12-ի սահմաններում, քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո ոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել 500 ԱՄՆ դոլարը, ինչից հետո վերջինս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ, Ա. Հ-ն ձերբակալվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել