HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Կոստանյանի անվան 2018թ. մրցանակը հանձնվել է «Ռեստարտ» նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին

Փետրվարի 4-ին Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը շնորհվել է 8-րդ անգամ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն (ԹԻՀԿ) տեղեկացնում է, որ կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստանի) համատեղ նախաձեռնությամբ սահմանված մրցանակը շնորհվում է սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:

«Հաշվի առնելով 2018թ. բուռն իրադարձությունները՝ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը շնորհվել է ոչ թե առանձին անհատների, այլ՝ քաղաքացիական երկու նախաձեռնությունների՝ «Ռեստարտ» ուսանողական-երիտասարդական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին»,- գրված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Մրցանակաբաշխության մեկնարկին ելույթներ են ունեցել Ամալյայի ընկերները և գործընկերները` նշելով, որ պատվով կշարունակեն Ամալյա Կոստանյանի՝ կարճ, բայց վառ կյանքի ընթացքում արված գործը՝ նպաստելով ավելի արդար հասարակության կերտմանը: «Ամալյան յուրահատուկ վերաբերմունք ուներ երիտասարդությանը: ԹԻՀԿ դռները միշտ բաց էին հենց երիտասարդների համար, կրթելու, գիտելիք ու հմտություն տալու, օգնելու, պաշտպանելու համար: Ինքը համոզված էր երիտասարդության ուժի մեջ և գտնում էր, որ իրենց ակտիվիզմն ու մոբիլիզացիան կփոխեն ամեն ինչ: Կարծում եմ, որ այսօրվա մրցանակի արժանացածները իրապես համապատասխանում են Ամալյա Կոստանյանի գաղափարներին ու կերպարին»,- նշել է ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

«Ռեստարտ» ուսանողական երիտասարդական նախաձեռնությանը մրցանակը շնորհել է Կանանց իրավունքների պաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը: «Փորձը ցույց է տալիս, որ երբ երիտասարդները, ուսանողներն են ոտքի կանգնում՝ ամեն ինչ հնարավոր է դառնում և ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում: «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, սկսելով բուհերում կառավարման, ուսման որակի հետ կապված խնդիրներ բարձրացնել, սկսեց ամբողջ երկիրը ռեստարտ տալ, շարժումն ավելի զարգացավ, միացավ հեղափոխությանը, և մենք այսօր պարտական ենք նրանց այս իրողության համար», - եզրափակել է Լարա Ահարոնյանը՝ մրցանակը հանձնելով ռեստարտականներ Դավիթ Պետրոսյանին և Շուշան Հարությունյանին:

Ամուլսարի պահապաններին պարգևատրել է իրավապաշտպան, լրագրող և հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը հանձնում է մի խմբի, որը «հետհեղափոխական շրջանում ստանձնեց պատասխանատվություն խաղաղ անհնազանդության պայքարի ճանապարհով բարձրաձայնելու մարդու իրավունքների կարևորագույն՝ առողջ միջավայրում ապրելու իր իրավունքի մասին։ Այս հեղինակավոր մրցանակը հանձնելով Ամուլսարի պահապաններին` մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր ընտրում են կյանքը, այլ ոչ՝ հանքը։ Յուրաքանչյուր քաղաքացի, որը դուրս է գալիս պայքարի՝ հանուն մարդու իրավունքների, արժանի է խորագույն երախտագիտության և ակնածանքի։ Այս մարդիկ՝ ամիսներ շարունակ գտնվելով լուրջ ճնշումների, երբեմն նաև սպառնալիքների տակ, շարունակել են բարձրաձայնել իրենց համայնքի համար և ամբողջ մեր երկրի էկոհամակարգի համար կարևորագույն մի խնդիր՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասների մասին, ու դա արվել է բացառապես սեփական ուժերի վրա հիմնված ինքնակազմակերպման ու բացառիկ էկոգիտակցության արդյունքում՝ սոլիդարության մեծ ալիք բարձրացնելով ներհայաստանյան և միջազգային հանրույթներում»։

Մրցանակը ստացել է Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը։ Նա մեկն է այն բնակիչներից, ովքեր 8 ամիս պայքարում են իրենց իրավունքների համար: Ստանալով մրցանակը՝ Ահարոնը նշել է, որ Ջերմուկի 3000 բնակիչներ ստորագրահավաքի միջոցով «հաստատել են, որ ողջ համայնքն է դեմ հանքարդյունահանմանը: Մենք որոշել ենք, որ Ամուլսարը հանք չի դառնալու և համայնքի ողջ երիտասարդությունն է ոտքի կանգնել այդ պահանջով: Չկա մի բան, որի դեմ պայքարի երիտասարդությունը ու չհաղթի»,- եզրափակել է մրցանակակիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter