HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Արցախյան շարժման տարեդարձի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան շարժման 31-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր ամբողջական աջակցությունը հայտնեց այդ որոշմանը։ Շուտով Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին միացան սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։

1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որ ոգեշնչեց միլիոնների։ Մենք վերագտանք մեր ազգային միասնությունը, միակամությունը, վճռականությունը։ Հայաստանում և Արցախում ձևավորվեց մի համաժողովրդական շարժում, որ բացառիկ էր իր թափով և անկասելիությամբ, խորապես ազգային էր և միաժամանակ խորապես ժողովրդավարական։

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատությունները դարձան հստակ նպատակակետ, դեպի որը գնաց մեր ժողովուրդը՝ համոզված լինելով, որ ազատությունը և անկախությունը անսակարկելի արժեքներ են։

30 տարի անց՝ 2018 թվականի գարնանը մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն և իբրև պետություն, կրկին ապրեցինք մի նոր՝ հեղափոխական զարթոնք՝ կրկին ոտքի կանգնելով այն գաղափարների համար, որոնք թանկ են յուրաքանչյուրիս համար։ Մենք ապացուցեցինք նախ ինքներս մեզ, ապա աշխարհին, որ արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներն ենք մեր երկրի, որ հավատարիմ ենք մեր պայքարին և իդեալներին, հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին։

Կեցցե՛ ազատ Արցախը,
Կեցցե՛ ազատ Հայաստանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter