HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 6 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյան հետ, ովքեր փետրվարի 12-ից հայտարարել են անժամկետ հացադուլ, ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 18-ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի հետ։ Նրանք գանգատվել են ընդհանուր թուլությունից և ոսկրային ցավերից:

Առանձնազրույց է տեղի ունեցել նաև 2019 թվականի փետրվարի 10-ից հացադուլ հայտարարած Կարեն Հովհաննիսյանի հետ, ով հացադուլ է հայտարարել՝ կապված իր վերաբերյալ քրեական գործի քննության հետ:

Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Կարեն Հովհաննիսյանի մոտ առկա է զարկերակային հիպերտենզիա, ինչպես նաև լարվածության ստենոկարդիա:

Բժշկական փաստաթղթերում առկա է եղել նաև նշում այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ին Կարեն Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման նպատակով կանչվել է շտապ բժշկական օգնություն, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից: Նշված փաստն առանձնազրույցի ընթացքում հաստատել է նաև Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս նշել է, որ իր որոշումն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ստացիոնար բուժում նշանակելու դեպքում չի կարողանա մասնակցել 2019 թվականի փետրվարի 22-ին կայանալիք դատական նիստին, որի ընթացքում պետք է քննարկվի իր խափանման միջոցի հարցը: Այնուամենայնիվ, Պաշտպանը Կարեն Հովհաննիսյանի բժշկական օգնության հարցով գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Առանձնազրույց է տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած ազատությունից զրկված մյուս անձանց հետ:

Հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմերի հետ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռներին, քրեական գործերի քննությանը, բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապին, պահման պայմաններին և այլն:

Բարձրացված հարցերի մի մասի վերաբերյալ պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ և տեղում լուծում ստացել:

ՄԻՊ աշխատակազմը վստահեցնում է, որ ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերի լուծման կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter