ԱԻՆ․ Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները
Մարտի 12-ին արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների խմբին ՝ 8 հոգանոց անձնակազմին, որի ղեկավարն է Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ռենդի Քոթին: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հանդիպման նպատակը, ըստ հաղորդագրության, քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշել է, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ կյանքի կոչելու դեռևս նախորդ տարվա հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններն ու ծրագրերը: ՓԾ տնօրենն կարևորել է ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:
Ռ. Քոթին նշել է, որ ամերիկյան կողմի նպատակն է վերապատրաստել, սարքավորումներով ապահովել և զարգացնել Հայաստանի՝ ՔԿՃՄ արձագանքման հատուկ հմտությունները, որոնք կհզորացնեն պետության արձագանքման կարողություններն այս բնագավառում՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական առումներով:
Ծրագիրը կտևի 3-5 տարի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կարողությունները: Նախքան սկզբնական դասընթացների իրականացումը և սարքավորումներով ապահովումը ԱՄՆ ներկայացուցիչները կուսումնասիրեն ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները:
«Այս վերլուծության հիման վրա կորոշվի, թե ԱՄՆ-ը և Հայաստանը երկրում ՔԿՃՄ արձագանքման կարողությունները հզորացնելու ուղղությամբ համատեղ ինչ հնարավորություններ ունեն», - ասել է Ռ. Քոթին:
Որպես ծրագրի վերջնական արդյունք՝ նախանշվում է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԶՈԶ/ՔԿՃՄ միջադեպերի կառավարման և արձագանքման կարողությունները ու այս բնագավառում ունենա հաստատուն և կայուն համակարգ: Այս ծրագիրի իրագործման շնորհիվ, ըստ հաղորդագրության, Հայաստանի կառավարությունը կկարողանա բավարարել ՔԿՃՄ միջադեպերի արձագանքման ու հետևանքների կառավարման ուղղությամբ առկա կարիքները:
Մեկնաբանել