HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Մարաղայում ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հետևյալ մեկնաբանությունը Մարաղայում ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ.

«1992 թ. մարտի 10-ին երկարատև հրետակոծումից հետո ադրբեջանական զինված կազմավորումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։ Տեղի ինքնապաշտպանական ջոկատին հաջողվել էր տարհանել ավանի բնակիչների մեծ մասին, սակայն 118 հոգի՝ հիմնականում հաշմանդամներ, տարեցներ, կանայք և երեխաներ, մնացել էին բնակավայրում։ Նրանցից ավելի քան 50 հոգի դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ 30 կին, իսկ մյուսները՝ 29 կին և 9 երեխա, պատանդ վերցվեցին, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է։  

Արցախի զինված ուժերի կողմից Մարաղան ազատագրվեց, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին ներխուժեցին բնակավայր և իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչների նկատմամբ իրականացրին նոր ոճրագործություն։

Մարաղայի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկն էր։ Ավանի վրա ադրբեջանական զորքերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել նրա քաղաքացիական բնակչությանը։ Խաղաղ բնակիչների դեմ իրագործված ռազմական հանցագործությունների մասին վկայել են նաև «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ ավան էին այցելել կոտորածներից անմիջապես հետո:

Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը հայերի նկատմամբ ահաբեկման, բռնության և հայրենի հողում ապրելու հնարավորությունից զրկելու՝  Ադրբեջանի քաղաքականության դրսևորումներից մեկն էր։ Այդ  քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրվել և հետևողականորեն իրականացվել էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում։ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներն ու մոտեցումները կիրառել 2016 թ. Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի ժամանակ, որը, սակայն, կանխվեց միայն Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ՝ ապահովելով երկրի անկախությունն ու նրա քաղաքացիների անվտանգությունը։

Ինչպես Մարաղայում, այնպես էլ 24 տարի անց՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ հանցագործությունների նկատմամբ անտարբերությունն ու անպատժելիությունը  հանգեցնում են դրանց կրկնությանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter