HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառման վերաբերյալ։  

«Ս․ թ․ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։

Գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները հակասում են անկողմնակալության ու անաչառության սկզբունքին և միտված են միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմանը։

Ֆորումի Ամփոփիչ փաստաթղթի տեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանությանը հակասող դրույթներ ներառելու նպատակով Ադրբեջանի՝ իր ընդունող կողմի կարգավիճակի չարաշահումը ոչ այլ ինչ է, քան Շարժման նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Ափսոսանք է առաջացնում այն, որ Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը հակահայկական քարոզչության և Շարժման նպատակներին ու սկզբունքներին չհամապատասխանող արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման համար։

Կոչ ենք անում Չմիավորման շարժման անդամ պետություններին, որոնց մեծամասնությունն անկախություն և ինքնիշխանություն է ձեռք բերել ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, հավատարիմ մնալ իրենց իդեալներին ու Շարժման ոգուն և հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման ու զարգացման իրավունքի իրացման փաստի հանդեպ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter