HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուժեղ Սփյուռք» ծրագրի դիմում-հայտերի ընդունման փուլն ավարտված է

 «Հայաստան 2041» հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի դիմում-հայտերի ընդունման փուլն ավարտված է. ստացվել է 174 դիմում-հայտ 27 երկրից, այդ թվում՝ Ավստրալիայից, Բրազիլիայից, Ինդոնեզիայից, Լիբանանից, Կանադայից և այլն: Այս մասին հայտնում է «Ուժեղ Սփյուռք» ծրագրի թիմը։

«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը նպատակ ունի հզորացնելու աշխարհասփյուռ հայությանը և դրական ազդեցություն թողնելու հայկական համայնքների վրա: Ներկայացված գաղափարները բազմազան են՝ հոգեկան առողջության բարելավում, միջազգային համաժողովի կազմակերպում, հայկական բաղադրատոմսերի վերհանում, փոդքասթերի պատրաստում և այլն: 

«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը տրամադրում է 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 10.000 ԱՄՆ դոլար, Սփյուռքում բնակվող հայերին և այն անհատներին և խմբերին, որոնք ունեն գաղափարներ, թե ինչպես պահպանել և խթանել հայկական ժառանգությունն ու լեզուն և ստեղծարար լուծումներով ներգրավել երիտասարդությանը հայկական համայնքները հզորացնող նախաձեռնություններում: Ծրագիրը նաև խրախուսում է Սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցությունը:

«Ինչպես ծրագրի անունն է հուշում, դրամաշնորհների միջոցով մենք ուզում ենք հզորացնել Սփյուռքը և ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ և դրանք իրագործելու համար քաջալերման կարիք, - ասաց Նուբար Աֆեյանը՝ «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիրը: «Սրանով մենք նաև մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել բոլոր այն հայերին, որոնք միշտ ակտիվ ու նվիրական աշխատանք են տանում Սփյուռքում և հավատարիմ են մնում իրենց արմատներին ու ժառանգությանը: Օգնելով այս հայերին՝ մենք հույս ունենք ավելի պայծառ ապագա կառուցել Հայաստանի և մեր համայնքների համար»: 

Դիմում-հայտերի դիտարկումից հետո ընտրված 20  մասնակիցները հնարավորություն կունենան սերտ համագործակցել 10 հաջողակ և  ձեռքբերումների հասած հայ մենթորների հետ, որոնք կլինեն մասնակիցների խորհրդատուները: Յուրաքանչյուր մենթոր կաշխատի երկու հայտատուի հետ՝ օգնելով նրանց ավելի լավ մշակված ծրագիր առաջարկել և ստեղծել մրցունակ տեսանյութ՝ նախագծի ընտրության վերջին փուլի համար: Այնուհետև նախապես ձևավորված հանձնաժողովը կառաջարկի, իսկ «Հայաստան 2041»-ի խորհուրդը կընտրի հաղթողներին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար  դրամաշնորհ՝ իրագործելու ներկայացված ծրագիրը:  

«Հայաստան 2041» հիմնադրամի մասին

«Հայաստան 2041» հիմնադրամի նպատակն է ապահովել Հայաստանի և հայերի զարգացումը՝ ընդհանուր առմամբ: «Հայաստան 2041» հիմնադրամը, որպես հարթակ, բաղկացած է մի շարք նախագծերից, որոնք կոչված են հավաքականորեն ապահովելու Հայաստանի ապագան և երկիրը վերածելու բարգավաճ ու առաջադեմ պետության, որը կկարողանա իր արժանի տեղը գրավել աշխարհում։ Այն նպատակ ունի ըմբռնման համընդհանուր շրջանակ ստեղծելու Հայաստանի՝ որպես երկրի, և հայության՝ որպես ազգի կայուն զարգացման շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter