HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը խախտել է Գյումրու համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու արգելքը։

Նա իր հորը՝ մարզադպրոցի մարզչին, թույլատրել է զավթել մարզադպրոցին անհատույց տրամադրված 109,23 քմ մակերեսով վարչական շենքի գրեթե կեսը և 2024 թվականի հունիսից 2025 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում այն որպես բնակարան վարձավճարով տրամադրել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ վարձակալության դիմաց ստացված գումարը չի մուտքագրվել մարզադպրոցի բյուջե։ Արդյունքում՝ մարզադպրոցի աշխատակիցները և սաները զրկվել են շենքի զավթված հատվածն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից։ 

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին մարզադպրոցի մարզիկներից մեկին հրամանագրել է մարզիչ-մանկավարժի հաստիքին, սակայն վերջինս 2024թ. հոկտեմբերից 2025թ. մայիսն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել մարզչական գործառույթներ, մինչդեռ նրա անվամբ հիշյալ ժամանակահատվածում հաշվարկվել և փոխանցվել է ընդհանուր 310.660 ՀՀ դրամ աշխատավարձ։

Ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորությունների չարաշահմամբ իրեն վստահված գույքը հափշտակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով:  

Պետությանը պատճառված ընդհանուր 1․210․660 ՀՀ դրամի չափով վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։  Քրեական  վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter