HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ հայտարարությունը՝ համալսարանում հայտնաբերված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ

Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրության առնչությամբ ԵՊՀ-ն պաշտոնական հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի պետական համալսարանի թվով 18 աշխատողների կողմից աշխատանքի չներկայանալու, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում գրառում կատարելու և մոտ 18 միլիոն ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց վարձատրության համար: Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես գտնվելու (հեռավար մեթոդով): Պաշտոնապես հայտարարում ենք, որ համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ:

Երևանի պետական համալսարանի վարձակալների կողմից վարձավճարների վճարման և դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարները սահմանված կարգով վճարվել են համալսարանին և դրանց տրվել է օրենքով սահմանված ձևակերպումներ: Այդ կապակցությամբ մանրամասն պարզաբանումները և ապացույցները ներկայացվել են ոստիկանությանը:

Ինչ վերաբերում է տեսանյութում ԵՊՀ պաշտոնատար անձին վերագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ակնարկվող պաշտոնատար անձի կողմից կտրականապես մերժվում է նշված տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում:

Նման պայմաններում կոչ ենք անում ոստիկանությանը, զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը ձեռնպահ մնալ հարուցված քրեական գործի վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ կատարելուց, հարգել մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը: Միաժամանակ հուսով ենք, որ այս գործով կիրականացվի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն և կփարատվեն հասարակության չհիմնավորված կասկածները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter