Մեղադրական դատավճիռ է կայացվել Միխայլովկա համայնքի ղեկավարի նկատմամբ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական
դատավճռով ավարտվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների
համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու
մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես
խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի
առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի
դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։
Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության
ծրագրի շրջանակներում, 2015թ. փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանի և
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի միջև կնքվել է
մատակարարման պայմանագիր: Վերջինիս շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա
համայնքի ղեկավար Լ. Դ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել
իրեն վստահված և համայնքի հողօգտագործողներին հատկացման ենթակա
պարարտանյութը, կազմել և մարզպետարան է ներկայացրել 2015թ. գյուղատնտեսական
աշխատանքների համար Լոռու մարզի Միխայլովկա համայնքում մատչելի գներով
ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր գնած շահառուների
վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակ, որում ձևականորեն ներառվել են
թվով 94 շահառուների վերաբերյալ տեղեկություններ:
Այնուհետ Լոռու մարզպետի կողմից հաստատված չափաքանակի համաձայն՝ նույն թվականին ստացել է ընդհանուր 11 274 000 դրամ արժողությամբ 93 950 կգ պարարտանյութ, որի դիմաց 2015թ. մարտի 20-ին իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Լոռու մարզի
Կաթնառատ համայնքի ղեկավար Ռ. Ղ.-ի միջոցով «Արդշինբանկ» ՓԲԸ Վանաձոր
քաղաքի մասնաճյուղում բացված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային
միավորում» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես ստացած պարարտանյութի դիմաց
կանխավճար, փոխանցել է 3 000 000 դրամ: Իսկ առանձնապես խոշոր չափերի՝
7 864 000 դրամ արժողությամբ 65530 կգ քաշով պարարտանյութը ցուցակում
ընդգրկված հողօգտագործողներին չի հատկացրել կամ մասամբ է հատկացրել և
օգտագործել է սեփական կարիքները հոգալու, իր կողմից մշակվող հողերը
պարարտացնելու նպատակով: Մի մասն էլ համայնքի ղեկավարը հատկացրել է իր հետ
մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց՝ Լոռու մարզի Կաթնառատ և
Սարատովկա համայնքների ղեկավարներին: Այդ կերպ, օգտագործելով իր
պաշտոնեական դիրքը, նրա կողմից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես
խոշոր չափերի պարարտանյութը:
Այդ ընթացքում համայնքի ղեկավար Լ. Դ.-ն նաև պարարտանյութերի վաճառքից
համայնքի 2 բնակիչներից ստացել է զգալի չափերի գումար, ապա, շահադիտական
դրդումներով, համայնքի բնակիչներից հավաքագրված նշված գումարը մատակարար
կազմակերպության՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»ՍՊԸ-ի
բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իր պաշտոնեական
դիրքը, նույնպես յուրացման եղանակով հափշտակել է:
Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից մեկ միասնական
դիտավորությամբ հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7 914 000
դրամ պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները:
Հափշտակության հանգամանքը թաքցնելու դրդումներով Լ.Դ.-ն 2017թ. ընթացքում
կազմել և Լոռու մարզպետարան է ներկայացրել համայնքի՝ ազոտական պարարտանյութ
ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ, որոնցում կեղծ
տեղեկություններ է ներառել՝ համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ
ստանալու, դրա դիմաց վճարումներ չկատարելու և պարարտանյութի գծով պարտքեր
ունենալու վերաբերյալ:
Նկարագրված արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի
1-ին մասով, նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու
մասին։
Նախաքննության ընթացքում նա մասնակիորեն վերականգնել է պետությանը
պատճառված վնասը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն
սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը: Սակայն
դրանից հետո որևէ միջոցներ չի ձեռնարկել պատճառված վնասն ամբողջությամբ
վերականգնելու ուղղությամբ։
2019թ. ապրիլի 25-ին կայացված դատավճռով Լ. Դ.-ն մեղավոր է ճանաչվել
քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քրեական
օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և
վերջնական արդյունքում դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝
նաև 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում
կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող
պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Նույն դատավճռով դատարանն ամբողջությամբ բավարարել է նաև մարզի
դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ որոշելով Լ Դ-ից
հօգուտ պետբյուջեի բռնագանձել 5 139 000 դրամի չափով գումար՝ որպես
հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնաս։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել