«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման համար գումար հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 16,5 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը կարգավորելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից: Դրանով մարվելու են հիմնադրամի՝ հունվարի 1-ից հետո կուտակված ֆինանսական պարտավորությունները, մասնավորապես` աշխատակիցների աշխատավարձերը, ամենամսյա վճարման ենթակա հարկերը, կոմունալ ծախսերը, կապի ծառայությունների վճարը և դրա չվճարման արդյունքում ձևավորված տույժերը:
Հիմնադրամի աշխատակիցները ծանուցվել են, որ հունիսի 21-ից իրենց աշխատանքային պայմանագրերը լուծվելու են: Հիմնադրամի գործադիր տնօրենը վարչապետի աշխատակազմի հանձնարարականին համապատասխան ներկայացրել է հաշվարկ-հիմնավորում հիմնադրամի պարտավորությունների վերաբերյալ։
Նշենք, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ.՝ որպես ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կենտրոն: Կանոնադրության համաձայն` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվում հանրապետության գործող վարչապետը: Այս տարվա մարտին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտարարվեց, որ կենտրոնի աշխատանքներում ներգրավված են լինելու նաև «Նորավանք» հիմնադրամի փորձագետները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել