HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Սարգսյանի որդին դեմ է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության հիմքով

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, դեմ է, որ իր նկատմամբ ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվի: Այս մասին այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստին, ի պատասխան դատավորի հարցի, ասաց Հայկ Սարգսյանը:

Նշենք, որ Սարգսյանին վերագրվում է երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը: Առաջին հոդվածի վաղեմության ժամկետը դեռևս չի անցել, իսկ զենք- զինամթերքի հոդվածի դեպքում անցել է, այսինքն՝ մեղադրյալի համաձայնության դեպքում նրա նկատմամբ զենք-զինամթերքի հոդվածով քրեական հետապնդումը մեղադրական հիմքով կարող է դադարեցվել, ինչին, փաստորեն, Հայկ Սարգսյանը դեմ է:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն այսօրվա նիստին հրապարակեց Սարգսյանի մեղադրանքը: Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ և այս մասին բարձրաձայնելով՝ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը դեպքի օրը իրենց առանձնատան նկուղային հարկում եղել է Դավիթ Սիմոնյանի և ևս մեկ անձի` Արթուր Սիմոնյանի հետ, որտեղ մարիխուանա տեսակի թմրամիջոց օգտագործելուց հետո Սարգսյանը քնել է բազմոցին՝ ձեռքին պահելով մարտական վիճակի բերված ատրճանակը: Քիչ անց Դավիթ Սիմոնյանը թմրամիջոցի հետագա օգտագործման չափաբաժնի շուրջ վիճաբանել է Արթուր Սիմոնյանի հետ, և ձայներից արթնացած Հայկ Սարգսյանը, Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության մասին բարձրաձայնելով, կրակել է վերջինիս որովայնին:

Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց: Նա խնդրեց պարզաբանել, թե ըստ մեղադրանքի` Դավիթ Սիմոնյանի մարմնի կոնկրետ ո՞ր մասին է կրակոց եղել:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակելով պարզաբանեց, որ այս հարցի առնչությամբ բազմիցս քննարկումներ են եղել, Սարգսյանի կալանքի վերաբերյալ նիստի ընթացքում ևս անդրադարձել են հարցին, քննիչին խնդրել պարզաբանել, թե հատկապես Սիմոնյանի մարմնի ո՞ր հատվածին է եղել կրակոցը, սակայն պարզաբանումներ չեն ստացել, ի պատասխան նշվել է միայն, թե Հայկ Սարգսյանը բարձրագույն կրթություն ունեցող անձ է, և ենթադրվում է, որ պետք է իմանա, թե ինչ է որովայնը: Նշենք, որ որովայնը բացատրվում է որպես կրծքավանդակից մինչև կոնքերն ընկած մարմնի հատվածը, և ըստ էության պաշտպանական կողմը ցանկանում է պարզել կրակոցի ավելի ստույգ հատվածը, որպեսզի կարողանա ճիշտ իրականացնել Հայկ Սարգսյանի պաշտպանությունը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը վերը նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց, որ այս քննարկման նպատակը տպավորություն ստեղծելն է, թե Հայկ Սարգսյանը խախտվող իրավունքներով դատապարտվող անձ է, մինչդեռ իրականում պաշտպանը և Հայկ Սարգսյանը ավելի վաղ նշել են, որ մեղադրանքի էությունն իրենց պարզ է, դրանում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նշենք, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ նախորդ դատական նիստին դատարանը քննարկել է պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և գործին կցելու վերաբերյալ, որի լուծումը հետաձգվել էր մինչև դրա համար էական հանգամանքների պարզումը:

Այսօր մեղադրող դատախազը ներկայացրեց դատախազության կողմից կատարված հարցման պատասխանը, համաձայն որի՝ տուժողի հագուստը չի պահպանվել:

Ավելի վաղ գրել էինք այն մասին, որ դատական նիստի ընթացքում դահլիճում էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը: Վերջինս նիստի ավարտին, մեր հարցին ի պատասխան նշեց, որ Հայկ Սարգայանն իր մանկության ընկերն է:

Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում տուժող Դավիթ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սիմոնյանը 11 տարի անց որոշել ցուցմունք տալ Հայկ Սարգսյանի դեմ, ասաց, թե դա կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Մեր դիտարկմանը, որ Հայկ Սարգսյանը Սիմոնյանի ընկերն էր, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց՝ ընկերն էր, թե ոչ, ինքը՝ Սիմոնյանը, այդ մասին կհայտնի:

Նշենք, որ վերը նկարագրված միջադեպից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, թե իր վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, և դա եղել է անփութության հետևանք: Դրանից հետո քրեական գործի վարույթը կարճվել է:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու հայտնել, որ Հայկ Սարգսյանն է պատճառել իր վնասվածքը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է: Հայկ Սարգսյանը գտնվում էր կալանքի տակ, սակայն գործը քննող դատավորը, այն վարույթ ընդունելիս, անդրադառնալով խափանման միջոցի հարցին՝ 50 մլն դրամ գրավի դիմաց Սարգսյանին ազատել է կալանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter