HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սպայկա»-ն հարկային արտոնություն ստացավ

Կառավարության նիստում «Սպայկա» ՍՊԸ-ն հարկային արտոնություն ստացավ` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Որոշումը չզեկուցվող էր:

Որոշման արձանագրության մեջ նշվում է, որ «Սպայկա»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 28 մլրդ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ դրամը՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ դրամը` վարկային միջոցներից:

Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ ՀՀ դրամ, որից 15 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու»  N 762-Ա որոշման համաձայն՝ կառավարությունը հավանություն էր տվել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Ըստ ծրագրի՝ պետությունն ու համայնքը մասնակցում են ծրագրին հողի տրամադրման ձևով, իսկ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչև 2020 թվականը ամայի 110 հա հողամասի վրա կառուցվելու էր կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան:

Այս տարվա սեպտեմբերի 20-ի նիստում ընդունվել էր որոշում, որի համաձայն համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիկական առաջարկում փոփոխություններ էին կատարվել։ Ըստ նախկինում ընդունված որոշման՝ ջերմատնային համալիրի 60 հեկտարի կառուցման փուլի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում էին 133 մլն ԱՄՆ դոլար, սակայն այդ թիվը կրճատվեց` դառնալով 88 մլն ԱՄՆ դոլար։

Հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել «Սպայկա» ընկերությունում և բացահայտել 2015-2018 թվականների ընթացքում կատարված խախտումները։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ «Սպայկա»-ն պետբյուջե չէր վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ։ Նշված դեպքով հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև, քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter