HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ մեկ տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով Հայաստանի իրավասու մարմինների կողմից հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ, որից վերականգնվել է 30 մլրդ 182 մլն դրամը:

Բացահայտված ընդհանուր վնասից շուրջ 15 մլրդ 768մլն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:

Ըստ հաղորդագրության՝ բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1 մլրդ 413 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ 1 մլրդ 952 մլն դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել 1 մլրդ 943 մլն դրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter