HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղիքային վարակներով պայմանավորված հիվանդությունների իրավիճակը Հայաստանում. առողջապահության նախարարության հորդորները

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Հայաստանում աղիքային վարակներով պայմանավորված հիվանդությունների իրավիճակի մասին, ինչպես նաև հորդորներ հղելով՝ աղիքային վարակների բարդություններից խուսափելու, դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով.

«Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: 

Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ`  արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում: 

Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում: 

Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն):

Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, 
  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
  • բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով, 
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,
  • պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
  • չլողալ կասկածելի ջրամբարներում,
  • եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter