HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի պատասխանատու պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, ՊՈԱԿ-ը 2017-2018թթ. ձեռք է բերել 5350 լիտր բենզին՝ 2 մլն 45 հազար դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար:

Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են:

2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3 313 850 դրամ ընդհանուր աժեքով անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279 000 ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր:

Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2 313 000 դրամ արժեքով ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ որպես նվիրատվություն ստացվել է բարերաներից:

Բացի այդ, 2017-2018թթ. երեխաների համար կազմակերպված միջոցառումների նպատակով ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 1 393 822 դրամի սննդամթերք և նոր տարվա նվերներ, մինչդեռ, ձեռք բերված սննդամթերքը երեխաներին չի բաշխվել:

Ըստ հաղորդագրության՝ 2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 61 111 000 դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38 000 000 դրամի սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի դասամատյանների համաձայն՝ կիսամյակային դասապրոցեսը առաջին կիսամյակում ավարտվում է դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ մայիսի 25-ին, մինչդեռ, դեկտեմբերի 23-ին և մայիսի 26-27-ը լրացված փաստաթղթերի համաձայն՝ նշված օրերին 75-100 երեխայի համար սնունդ է բաշխվել:

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26 128 000 դրամի աշխատավարձ:

Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25 885 861 դրամի պարգևավճարներ:

Արձանագրված խախտումների փաստերով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով :

Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter