HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա. թիմերը հանդիպմանը ներկայանում են տարբեր դիրքերից

Այսօր՝ 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա մրցավեճը: Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում մեր ընտրանու մասնակցությամբ 4-րդ հանդիպմանը հայ ֆուտբոլիստների համար մարզական գործոն գրեթե չկա, քանի որ Հայաստանի հավաքականը գործնականում կորցրել է 4-րդ դիվիզիոնի 4-րդ խմբից դուրս գալու հնարավորությունը: Հիշեցնենք, որ դիվիզիոնի 4 խմբերի հաղթողներն իրավունք են ստանալու փլեյ-օֆ փուլում վիճարկել «Եվրո-2020»-ի ուղեգրերից մեկը: Սա մեր թիմի պատմության մեջ թերեւս լավագույն առիթն էր դուրս գալ եվրոպական առաջնության եզրափակիչ փուլ: 

Հիմա Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը ամսի 16-ին Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո ուշքի գալն է, ոչ ավելին: Անցկացրած 3 խաղում թիմը միայն մեկնարկային մրցավեճում է կարողացել 2-1 հաշվով դժվարությամբ տանը հաղթել Լիխտենշտայնին, իսկ հետո 0-2 եւ 0-1 հաշիվներով զիջել է մակեդոնացիներին ու ջիբրալթարցիներին: 

Խմբի առաջատարը ՆՀՀ Մակեդոնիան է, որը հաղթել է բոլոր 3 խաղերում եւ այժմ ունի 9 միավոր: Մյուս 3 թիմերը վաստակել են 3-ական միավոր ու գրեթե հնարավորություն չունեն հավասարվել բալկանցիներին:

Մինչեւ Ազգերի լիգայի խաղարկությունը հայերն ու մակեդոնացիները հանդիպել էին 6 անգամ եւ միայն պաշտոնական խաղերում: Վիճակագրությունը բացարձակ հավասար էր: Թիմերը տարել էին 2-ական հաղթանակ, 2 ոչ-ոքի են խաղացել եւ 2-ական պարտություն կրել: Խփած ու բաց թողած գնդակների հարաբերությունն էլ 11-11 էր: Սակայն սեպտեմբերյան արտագնա 0-2 պարտությունը կրկին կշեռքի նժարը թեքեց մրցակցի կողմը: Այսօր տեղի կունենա 8-րդ պաշտոնական հանդիպումը: 

Քանի որ թեկուզ թղթի վրա մակեդոնացիների հիմնական մրցակիցն այս խմբում Հայաստանն է, այսօրվա խաղում հյուրերին ձեռնտու կլինի ոչ-ոքին, ավելին՝ պայմանավորված հանգամանքով, որ վերջին երկու խաղերում հանդիպելու են գաճաճ Լիխտենշտայնին ու Ջիբրալթարին՝ մակեդոնացիները նույնիսկ իրենց կարող են թույլ տալ պարտվել, քանի որ այս պահին 6 միավորով գերազանցում են Հայաստանին: Այդուհանդերձ, հասկանալի է, որ մրցակիցը Երեւան է եկել առաջին հերթին 3 միավորի հետեւից, իսկ մեր հավաքականը անփառունակ ելույթներից հետո պետք է ամեն կերպ փորձի ոչ միայն խոչընդոտել խմբի առաջատարի ծրագրերի իրականացմանը, այլեւ ինչ-որ չափով հետ բերի մարզասերների հավատն իր հանդեպ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter