600 միլիոն դրամ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ին հարկային պարտավորությունները վճարելու համար
Կառավարությունն այսօրվա նիստին առողջապահության նախարարությանն իր պահուստային ֆոնդից 600 միլիոն դրամ տրամադրեց: Գումարը նախատեսված է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համար, որպեսզի վերջինս վճարի շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները:
Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, 2014 թվականի մարտին ««Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ն ու «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն միավորվել են: 2014 թվականի սեպտեմբերին ՓԲԸ-ն էլեկտրոնային եղանակով դուրս է գրել հարկային հաշիվ, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցներն իրացվել են 1 միլիարդ 147 միլիոն դրամ վերագնահատված դրամով:
Կառավարության 2014թ. որոշումներից մեկով՝ այդ գումարից «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն պետք է միայն հաշվարկեր և վճարեր ավելացված արժեքի հարկի գումարը, որն էլ կատարել է:
Այնինչ, ՊԵԿ-ը 2017 թվականի հունիսից մինչ 2018 թվականի փետրվար ամիսն իրականացրել է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեի ճշտության ստուգում:
Արդյունքում` պարզվել է, որ ՊՈԱԿ-ը շահութահարկի գծով բյուջե պետք է վճարի լրացուցիչ 547 միլիոն դրամ, որից 138 միլիոն դրամը՝ տույժ:
ՊՈԱԿ-ը ստուգման ակտը չեղարկելու վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել՝ հիմնավորելով, որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է, չունի այլ ֆինանսավորման աղբյուրներ և ֆինանսական միջոցներ՝ նախկին «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի շահութահարկի գծով պարտավորությունները վճարելու համար: Սակայն ՊԵԿ-ի կողմից դիմում-բողոքը մերժվել է:
Նախարարության փոխանցմամբ՝ ՊՈԱԿ-ը չունի ֆինանսական միջոցներ հարկային պարտավորությունները վճարելու համար և հունիսին ստացել է հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագիր, որի շրջանակում հարկային մարմինը իրավասու է կիրառել ՊՈԱԿ-ի դրամական միջոցների և գույքի արգելադրում:
Մեկնաբանել