HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական գնումների մատակարար հանդիսացող 13 ընկերություններ ենթարկվեցին պատասխանատվության

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները:

Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում:

Ուսումնասիրությունը ընդգրկում է  2018 թվականի պետական գնումները և նպատակ է ունեցել պարզելու, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, որքանով են բարեխիղճ գործունեություն իրականացնում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները և արդյոք վերացել են նախկինում  հայտնաբերված խնդիրները:

Ուսումնասիրությունը իրականացվել է կաթնամթերքի մատակարարման ոլորտում՝ նկատի ունենալով նախորդ տարիներին այս շուկայում առկա խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ սննդի ընդհանուր մատակարարումների մեջ արժեքային առումով կաթնամթերքը մեծ տեղ է զբաղեցնում:

Արդյունքում հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության դրսևորման տասնյակ դեպքեր, ինչի հետ կապված Հանձնաժողովի կողմից կիրառվեց համապատասխան պատասխանատվության միջոց:

Հաշվի առնելով խախտում իրականացրած ընկերությունների շրջանառության ծավալները, խախտման կրկնակիության հանգամանքը, ինչպես նաև օրենքով սահմանված մի շարք այլ չափորոշիչներ, կիրառվել են տարբեր պատասխանատվության միջոցներ. 

Կիրառվել է ֆինանսական պատժամիջոց հետևյալ ընկերությունների հանդեպ 

  1. «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի հանդեպ կիրառվել է տուգանք՝ 15 մլն դրամի չափով
  2. «Մակրո Ֆուդ» ՍՊԸ հանդեպ կիրառվել է տուգանք՝ 10 մլն դրամի չափով
  3. «ԽԱՔ» ՍՊԸ տուգանվել է 5 մլն դրամի չափով
  4. «Սվետա» ՍՊԸ-ն տուգանվել է 3 մլն դրամի չափով

Նախազգուշացում է տրվել հետևյալ ընկերություններին ` «Արմինաշող» ՍՊԸ, «Բիզնես Թրենդ» ՍՊԸ, «Գալիմա» ՍՊԸ , «Դիետ» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ,  «Ֆոտոն», «Արա-Արեգ», «Սպարապետ», «Արաս Ֆուդ»:

Կարագի փոխարեն՝ սփրեդ, իսկ թթվասերի և կաթնաշոռի փոխարեն՝ բուսական յուղերով պատրաստված արտադրանք

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները մատակարարել են մրցութային պահանջներին անհամապատասխան կաթնամթերք: Օրինակ, Վանաձորի մանկատունը, Գավառի մանկատունը, Նորքի տուն-ինտերնատը, կամ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը հայտարարել են թթվասերի գնման մրցույթ, սակայն հաղթող մատակարար ընկերությունները, համապատասխանաբար  «Ֆոտոն» ՍՊԸ-ն, «Մակրո Ֆուդ» ՍՊԸ-ն, «Գալիմա» ՍՊԸ-ն և «ԽԱՔ» ՍՊԸ-ն վերջիններիս մատակարարել են թթվասերային արտադրանք: Այսինքն, կենդանական յուղով պատրաստված կաթնամթերքի փոխարեն մատակարարվել է բուսական յուղերի պարունակությամբ սննդամթերք, որը չի կարող համարվել թթվասեր:

 Նույն կերպ, Հանձնաժողովը հայտնաբերել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ նաև տասնյակ այլ մատակարարումների և կաթնամթերքի տեսակների գծով: Բացահայտված մի շարք դեպքերում էլ սոցիալական հաստատություններին՝ մանկատներին, հոգեբուժարաններին, գիշերօթիկ դպրոցներին և այլն,  հալած յուղի անվան տակ մատակարարվել է բուսաճարպային յուղերի խառնուրդ: Օրինակ, «Մակրո Ֆուդ» ընկերությունը հաղթել է «Սյունիքի  մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի» հայտարարած հալած յուղի գնման մրցույթում, սակայն մատակարարել է «Սլավչինկա» անվանումով բուսաճարպային խառնուրդ: Կամ, «Բիզնես Թրենդ» ընկերությունը ցածր գին սահմանելով՝ հաղթող է ճանաչվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից հայտարարված խտացրած կաթի  մատակարարման մրցույթում, սակայն, ՏՄՊՊՀ դիտանցումներով պարզվել է, որ ընկերությունը քրեակատարողական ծառայությանը մատակարարել է բուսական յուղի պարունակությամբ մթերք, որը չի կարող համարվել խտացրած կաթ:

Լաբորատոր փորձաքննությամբ բացահայտվել են այլ խնդիրներ ևս

Եթե մի շարք դեպքերում խնդիրները բացահայտվել են մրցութային հայտերի և փաստացի մատակարարված ապրանքների մակնշումների հիման վրա, ապա շատ են նաև այնպիսի դեպքերը, երբ մակնշումը եղել է պատշաճ, սակայն լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ապրանքի վրա գրվածը չի համապատասխանում իր իրական բնութագրին: Այսպես, կարագի, կաթնաշոռի և թթվասերի լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ տրամադրված կաթնամթերքների նմուշների մեջ առկա է մեծաքանակ բուսական յուղ, ինչը անթույլատրելի է և հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի» կոպիտ խախտում:

Լայնածավալ դիտանցումների ընթացքում գնումն իրականացրած պետական մարմինների պահեստներում հայտնաբերվել են նաև կաթնամթերքի մի շարք տեսակներ, որոնք հնարավոր չի եղել նույնականացնել՝ մակնշման բացակայության պատճառով: Մասնավորապես պարզ չէ, թե ով է հանդիսանում տվյալ ապրանքի արտադրողը, բացակայում է բաղադրությունը, ժամկետը և այլն. նման դեպքերը ևս հանդիսանում են օրենքի խախտում:

Խախտման պատասխանատվությունը պետք է կրեն ոչ միայն արտադրող կամ մատակարար ընկերությունները, այլ նաև պետական կառույցների աշխատակիցները

Ըստ Հանձնաժողովի գնահատականի, վերոնշյալ խախտումները շատ դեպքերում առաջացել են  ոչ միայն արտադրող կամ մատակարար ընկերությունների մեղքով, այլ նաև պետական  ոլորտի համապատասխան աշխատակիցների՝ աշխատանքային պարտականությունների մեջ թերանալու արդյունքում: Մի շարք դեպքերում ապրանքի փաթեթավորման վրա հստակ նշված է եղել, որ այն հանդիսանում է ոչ թե ասենք թթվասեր, այլ թթվասերային արտադրանք, կամ ոչ թե կաթնաշոռ, այլ՝ կաթնաշոռային մթերք, սակայն վերջիններս անտեսել կամ չեն նկատել այդ հանգամանքը: Հետևապես, ՀՀ ՏՄՊՊՀ-ը կդիմի ՀՀ Կառավարությանը՝  համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու առաջարկով:  

Ուսումնասիրությունների մի մասը կուղարկվի նաև ՀՀ  Ոստիկանություն, Հարկային ծառայություն և ՍԱՊԾ

Կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացում հայտնաբերվել են մի շարք այլ խնդիրներ, որոնք թեև դուրս են ՀՀ մրցակցային մարմնի իրավասության շրջանակներից, սակայն կարող են անուղղակի կերպով ազդել մրցակցության վրա: Այդ իսկ պատճառով, նման դեպքերը կուղարկվեն համապատասխան պետական մարմիններին, մասնավորապես ՀՀ Ոստիկանություն,  Հարկային պետական ծառայություն և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ հետագա ուսումնասիրությունների իրականացման նպատակով:

Հանձնաժողովը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է զերծ մնալ իրավախախտումներից, մասնավորապես մի ապրանքի անվան տակ՝ մեկ այլ, հիմնականում ավելի էժան ապրանք իրացնելուց:  Նման վարքագիծը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցության գործողություն,  հասարակություն մոլորեցում, քանի որ հնարավորություն չի տալիս սպառողին ամբողջական և հավաստի պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter