«Կարգո» գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2 տարվա համար 119 մլն դրամով պակաս է հաշվել հարկային պարտավորությունը
Տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ընկերությունում իրականացվող վերստուգման և հարկային համալիր ստուգման ընթացքում «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 176 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Հաղորդագրության համաձայն՝ այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:
Մեկնաբանել