«Սասնա Ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Հովսեփյանի, Ռազմիկ Էվոյանի, Վարդան Վարդանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Հերմինե Նաղդալյանի, Աշխեն Հակոբյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Այսօր՝ ժամը 20.00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել է նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին թվով 12 քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում քվեարկության սկիզբը:
Նիստում մեկնարկ է տրվել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է նոյեմբերի 30-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվում` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել