HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով 13 անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Դատախազությունը Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով անցնող 13 անձի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վերաքննիչ բողոքներով դատախազությունը պահանջում է կալանավորել վերը նշված 13 անձանց։ Վերջիններիս ամբողջական ցանկը մեզ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նրանց թվում են Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ, Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Գորիսում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է,  թե Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգեց խորհրդակցությանը չմասնակցել, ու զբաղվել այդ հարցերով։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, բողոքի ակցիայի այլ մասնակիցներ բերվել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կամ խուլիգանություն կատարելը կազմակերպելու հոդվածներով և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունները։

Կալանավորվել է միայն մեկ քաղաքացի, որի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter