HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման պատվիրատուն հանրության շրջանում լայն ճանաչում ունի

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման պատվիրատուն հայտնի է։ Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ճշտող հարցին՝ պատվիրատուն Հայաստանի՞ց է, Վանեցյանը դրական պատասխան տվեց։

Հարցին՝ հանրությանը հայտնի՞ է այդ անձը, Վանեցյանը ժպտաց ու ասաց․ «Լայն ճանաչում ունի»։ Վանեցյանը նաև ասաց, որ անձնապես չի ճանաչում պատվիրատուին։

«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, որը ցավոք սրտի այս փուլում չի լինում։ Մենք օպերատիվ տվյալներ ունենք ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը։

Ըստ Վանեցյանի՝ գաղտնալսման հիմնական շարժառիթը եղել է այն, որ ինքը պետք է հրաժարականի դիմում ներկայացներ։

«Ազգային անվտանգության ծառայությունն ընդհանրապես կապ չունի գաղտնալսման հետ։ Հաշվի առնելով, որ ռոումինգի մեջ եմ եղել, այդ ժամանակ գաղտնի պրոտոկոլները, որով ներսում խոսում ենք, և որի գաղտնալսման համար հատու սարքեր են անհրաժեշտ, որը այսօր օրենքով նախատեսված է և ունի միայն ԱԱԾ-ն, երբ մարդը ռոումինգի տակ է, օպերատորները որպեսզի կարողանան ավելի էժան կապ ապահովեն, օգտվում են տարբեր ինտերնետային հեռախոսային ուղիներից։ Ես գտնվել եմ ռոումինգում, և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն չի գաղտնագրվում, այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող է այդ գաղտնագրումը իրականացնել»,- ասաց նա։

ԱԱԾ տնօրենը անդրադարձավ գաղտնալսված խոսակցության գործով հետագա ընթացքին։

«Քննչական կոմիտեում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ես ու Սասուն Խաչատրյանը նշված օրն ունեցել ենք տաս զանգ, ութ անգամ զանգահարել է ինքը ինձ, երկու անգամ՝ ես իրեն, ընդհանուր առմամբ մենք մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան լինի, ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տևել։ Այս խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են, և ներկայացված է որպես մեկ խոսակցություն»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև խոսակցության մեջ լսվող իր այն արտահայտությանը, որ ասել է «ուզես, չուզես պետք է տաս»՝ նկատի ունենալով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը։

«Դա էլ եմ ուզում պարզաբանեմ, արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե է, ես ասում եմ Հրաչ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ Հրաչ ասում են նույն դատավորին, որի անունը Վաչե է, Վանեցյանը մանրամասնեց՝ ձայնագրության մեջ մատնանշվող Հրաչը ՀՔԾ քննչական խմբի ղեկավարն է։

«Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ Հրաչն ի՞նչ է ասում, ինքն էլ ասում է՝ հիմնավոր է, ես էլ ասում եմ՝ ուզի, չուզի, պետք է տա։ Ես դատավորի հետ չեմ խոսել։ Ես իմ հեռախոսը տվել եմ քննության իրականացնող մարմնին, վերականգնել են վայբերը, ուոթսափը, իմ և կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, այդ ամենը տրամադրված է քննությանը։ Ես դատավորների հետ առհասարակ չեմ խոսում, ունեմ դատավոր ընկերներ, որոնց հետո կարող է շփվեմ կենցաղային հարցերի շուրջ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter