HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Կա՛մ նոր ընտրական օրենսգրքով դեկտեմբերին արտահերթ ընտրություններ, կա՛մ՝ սաբոտաժ»

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկեց Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը: Հիշեցնենք, որ այս փոփոխություններով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, ընտրվելու նվազագույն շեմի նվազեցում, կուսակցությունների դեպքում՝ 5 %-ից դարձնելով 4 %, իսկ կուսակցությունների դաշինքների պարագայում 7 %-ի փոխարեն 6 %, կանանց ներգրավվածության բարելավում՝ 25%-ի փոխարեն դարձնելով 30%:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Վերջինիս խոսքով՝ այժմ խորհրդարանում բացակայում է քաղաքական կայուն մեծամասնությունը, ինչը Սահմանադրության հիմնարար սկզբունքներից է:

«Սա սահմանադրական ճգնաժամ է, որը պետք է օր առաջ լուծվի»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, դիմելով նախարարի պաշտոնակատարին, համաձայնեց, որ առաջարկվող փոփոխությունների մեծ մասը դրական է, սակայն նկատեց՝ ժամկետների առումով խնդիր է տեսնում: Բաբուխանյանի համոզմամբ՝ նոր ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո ընդդիմադիր ուժերը հնարավորություն չեն ունենալու ցուցակներ կազմելու և նոր օրենսգրքով ընտրություններին պատրաստվելու համար:

Արտակ Զեյնալյանն արձագանքեց՝ առաջարկվող փոփոխությունները գործող իրավակարգավորումների պարզեցում են ենթադրում:

«Անցում ենք կատարում ամբողջովին համամասնական ընտրակարգի, եղած փոփոխություններն ընդամենը պարզեցվում են. այնպիսի մեխանիզմներ են ներառված, որոնք եղածները կատարելագործում են»,- վստահեցրեց նախարարի պաշտոնակատարը:

Տեղեկացնենք, որ նախագիծն արտահերթ նիստի օրակարգ է ներառվել հատուկ ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով:

Սա էլ առաջացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի դժգոհությունը, պատգամավորի խոսքով՝ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ առաջարկներ ներկայացնել ու մանրամասն քննարկել:

Զեյնալյանն արձագանքեց՝ 24-ժամյա ռեժիմը տեխնիկական հաշվարկի արդյունք է, հնարավորության դեպքում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման ռեժիմը կերկարաձգեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց՝ կա՛մ խորհրդարանը նոր ընտրական օրենսգրքով դեկտեմբերին ընտրությունների է գնում, կա՛մ «գնում սաբոտաժի ճանապարհով»:

«Բոլորին հորդորում եմ խոհեմության ճանապարհով գնալ և ունենալ քաղաքական կոնսենսուս ապահովելու ցանկություն»,- ասաց նա:

Արտակ Զեյնալյանն իր եզրափակիչ ելույթում առաջարկեց նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում քննարկել 24-ժամյա ռեժիմի փոխարեն 72-ժամյա ռեժիմով, սակայն առաջարկը քվեարկության չընդունվեց: Նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter