HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանը վստահ է՝ Նարեկ Բաբայանը կընդունի իր պարտությունը և կշնորհավորի ընտրված քաղաքապետին

Կապանի քաղաքապետի ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայանի պարտությունը «հերթական ապացույցն է, որ Հայաստանում լիակատար ժողովրդավարություն է»:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը:

«Իշխանության առաջադրած թեկնածուն պարտվեց այլ թեկնածուի. այլևս բոլորի համար ակնհայտ է, որ իշխանությունը որևէ լծակ չի օգտագործել, խոսք չի կարող լինել ընտրակաշառք հասկացության մասին: Եղել են արտահերթ ընտրություններ և արդար ընտրություններում հաղթել է ժողովրդի թեկնածուն»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ էին. Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ Նարեկ Բաբայանը ստացել էր 6443, Կապանի լեռնահարստացման կոմբինատի իրավաբան Էդգար Հովհաննիսյանը՝ 208, իսկ անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ ստանալով 8041 ձայն՝ հաղթել:

Մեր հարցին՝ միգուցե իրենց առաջադրած թեկնածուն հայտնի չի՞ եղել Կապանում, և դա է պատճառը, որ վերջինս պարտվել է, Հակոբյանն արձագանքեց.

«Թե ինչ հանգամանքների բերումով է մեր թեկնածուն պարտվել, էական չէ. կարող է նաև անճանաչելիությունը լինել, բայց այդ ամենի վրա չպետք է կենտրոնանալ, շատ ավելի կարևոր բան է տեղի ունեցել, ժողովուրդն ընտրել է իր թեկնածուին»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մեկնել էր Կապան և իր աջակցությունը հայտնել Նարեկ Բաբայանին, բայց փաստորեն դա որևէ կերպ չի ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Հրաչյա Հակոբյանը վստահեցրեց՝ Նարեկ Բաբայանը իրենց թիմի լավագույն կադրերից է:

«Չգիտեմ՝ արդեն շնորհավորել է թե չէ, բայց վստահ եմ, որ այն աստիճանի խոհեմություն ունի, որ կընդունի իր պարտությունը և կշնորհավորի ընտրված քաղաքապետին»,- ասաց Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter