HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաև կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:

Պաշտոնական այցի շրջանակում նախագահը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական և գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:

Հանրապետության նախագահը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter