Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին:
Նշենք, որ այսօր արդեն 5-րդ օրն է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Քոչարյանն այս պահին ազատության մեջ է:
Մեկնաբանել